
Այդ օրերին Մարիամը ճանապարհ ընկավ և աճապարանքով հասավ մի գյուղ, որ գտնվում էր Հրեաստանի լեռնային մասում: Մտավ Զաքարիայի տուն և ողջույն տվեց Եղիսաբեթին: Հազիվ Եղիսաբեթը լսեց Մարիամի ողջույնը, երեխան խաղաց իր արգանդում, և նա Սուրբ Հոգով լցվեց ու բարձր ձայնով գոչեց. «Աստված քեզ օրհնել է բոլոր կանանցից ավելի, և օրհնյա՜լ է զավակը, որ դու ծնելու ես: Ինչպիսի՜ մեծ պատիվ է սա իմ համար: Ինչպե՞ս պատահեց, որ իմ Տիրոջ Մայրը եկավ ինձ այցելելու: Հազիվ քո ողջույնի ձայնը լսեցի, երեխան ուրախությունից խաղաց ներսումս: Երանի՜ քեզ, որ վստահեցիր Տիրոջը և հավատացիր, որ Նա կարող է կատարել այն, ինչ ավետեց քեզ»:
Այդ ժամանակ Մարիամն ասաց. «Մեծ է Տերը. ուզում եմ փառաբանել Նրան: Աստված իմ Փրկիչն է. ես լի եմ ուրախությամբ: Իր հայացքն իմ վրա դարձրեց, իմ՝ Իր խոնարհ աղախնու. ամենքն այսուհետև ինձ երանի կտան: Աստված հզոր է. մեծ գործեր կատարեց ինձնում, Սուրբ է Նրա Անունը: Նրա ողորմությունն ընդմիշտ մնում է նրանց հետ, ովքեր ծառայում են Իրեն: Փաստեց Իր զորությունը, կործանեց հպարտներին և նրանց ծրագրերը: Գահընկեց արեց հզորներին, վերստին ոտքի կանգնեցրեց ճնշվածներին: Բարիքներով լիացրեց աղքատներին, դատարկաձեռն ետ ուղարկեց հարուստներին: Հավատարիմ լինելով Իր ողորմության մեջ, կրկին ոտքի կանգնեցրեց Իր ժողովրդին՝ Իսրայելին: Որովհետև այսպես էր խոստացել մեր Հայրերին, ի նպաստ Աբրահամի և նրա սերունդների, հավիտյան»:
Մարիամը Եղիսաբեթի մոտ մնաց մոտ երեք ամիս: Ապա վերադարձավ իր տուն: