Հավատո հանգանակը քրիստոնեական հավատքի ընդհանուր բանաձևումն է, որը քրիստոնյան՝ մկրտվելու կոչված հավատացյալը, արտահայտում է իբրև իր հավատի խոստովանություն։ Քրիստոնեական հավատո հանգանակները սկզբնապես՝ II-III դարերի ընթացքում, օգտագործվում էին Մկրտության խորհրդի ժամանակ։ Ավելի ուշ՝ V դարում, Հանգանակը սկսեց գործածվել Սուրբ Պատարագի մեջ` որպես հավատացյալների համար ուղղափառ դավանանքի հիշեցում։ Առաջին հավատո հանգանակը ընդունվել է Նիկեայի տիեզերաժողովում 325թվականին ու լրացվել 381թվականին Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովում։ Հայ առաքելական եկեղեցին ընդունում է այս հանգանակը և չի ընդունում որևէ հետագա հավելում հանգանակի վրա, ինչը կատարվեց կաթոլիկ եկեղեցու կողմից։ Հանգանակը կազմված է 12 մասերից, որտեղ խոսվում է Սուրբ Երրորդության, Հիսուս Քրիստոսի, քավության, հարության, համբարձման և այլ հիմնական դոգմաների մասին։