Երուսաղեմի տաճարի քահանաներից Զաքարիան և իր կինը՝ Եղիսաբեթը, բավականին ծեր էին, սակայն երեխա չունեին: Մի օր, երբ Զաքարիան տաճարում խնկարկում էր, հայտնվեց Գաբրիել հրեշտակը և հայտնեց, որ նրանք որդի կունենան, ում կանվանեն Հովհաննես, որ նշանակում է Աստծո շնորհ: Ծեր քահանան չհավատաց այս խոսքերին, ինչի պատճառով հրեշտակը համրեցրեց նրան, մինչև երեխայի ծնվելը:

Երբ Հովհաննեսը մեծացավ, գնաց անապատ, որն իրենց բնակավայրից բաժանվում էր Հորդանան գետով: Մարդիկ նրան ընդունում էին որպես սուրբ և մարգարե, գալիս էին նրա մոտ՝ լսելու Փրկչի գալստյան մասին քարոզները: Նա մարդկանց հետ խոսում էր ապաշխարության, խոստովանության, մեղք չգործելու մասին, իսկ ովքեր հավատում և խոստովանում էին իրենց մեղքերը, նրանց մկրտում էր գետում: Այդ պատճառով էլ ժողովուրդը նրան անվանեց Հովհաննես Մկրտիչ:

Շատերի նման Հիսուս ևս գնաց Հովհաննես Մկրտչի մոտ մկրտվելու, երբ լրացավ Նրա 30 տարին: Թեև Հովհաննես Մկրտիչը երբևէ չէր տեսել Հիսուսին, միանգամից հասկացավ, թե ով է եկել իր մոտ: Հովհաննեսը գիտեր, որ Հիսուսը ոչ միայն կարիք չունի մկրտության, այլև Աստծո Որդի լինելով՝ հենց Նա պետք է մկրտի իրեն: Սակայն Հիսուսի պնդմամբ՝ Հովհաննեսը հնազանդվեց և մկրտեց Նրան: Մկրտության պահին Սուրբ Հոգին՝ որպես աղավնի, իջավ Հիսուսի վրա, և երկնքից լսվեց Հայր Աստծո ձայնը, որ ասում էր. «Դա է Իմ սիրելի Որդին»:


Մկրտությունից հետո Հիսուսը գնաց անապատ, որտեղ 40 օր շարունակ աղոթում և մտածում էր մարդկանց փրկության մասին: Այս ընթացքում Հիսուսը ոչինչ չկերավ և քաղց զգաց: Սատանան Հիսուսին փորձելու և մոլորեցնելու համար մոտեցավ Նրան և ասաց, որ եթե Նա Աստծո Որդին է, ապա թող անապատի քարերը հացի վերածի: Հիսուսը նրան պատասխանեց, որ մարդը միայն հացով չի ապրում, այլ նաև Աստծու խոսքով:
Սատանան շարունակեց փորձել Հիսուսին. Նրան տարավ մի բարձր աշտարակի վրա և ասաց, որ ցած նետվի, քանի որ գրված է, որ հրեշտակները ձեռքերի վրա պիտի վերցնեն Հիսուսին: Հիսուսը նրան պատասխանեց, որ գրված է նաև, որ Տեր Աստծուն չի կարելի փորձել:
Սատանան ևս մեկ անգամ փորձեց Հիսուսին՝ Նրան առաջարկելով աշխարհի բոլոր թագավորությունները, նրանց փառքն ու հարստությունները, միայն թե Հիսուսը խոնարհվի իր առաջ: Բայց Հիսուսը պատասխանեց, որ միայն Աստծուն պետք է երկրպագել: Սատանան, վերջնականապես հասկանալով իր պարտությունը, հեռացավ Հիսուսից:
Մկրտել – ընկղմել ջրի մեջ, մաքրել մեղքերը
Խնկարկել – խունկ ծխեցնել, խունկը անուշահոտ նյութ է, որն օգտագործվում է եկեղեցական արարողությունների ժամանակ
Քարոզել – բացատրել և ուսուցանել
Խոստովանել – գիտակցել սեփական սխալներն ու անկեղծ պատմել
Ապաշխարել – զղջալ, խոստովանել գործած մեղքերը
Սատանա – անձնավորված չար ոգի, խարդախ, խաբեբա